Պատմություն 6

Թագավորության պայքարն արտաքին ուժերի դեմ

Մեր պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի Առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի շատ տարածքներ է նվաճել։ Պատճառն այն է, որ Արգիշթին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի 2-րդն իր գահակալության վերջին շրջանում անհաջողություններ ունեցավ։

Ասորեստանը լիակատար շրջափակելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, որ մշակել էին Արգիշթի 1-ը և Սարդուրի 2-րդը, չիրականացան։ Ասորեստանի արքա Թիգլաթպալասար 3-րդին հաջողվեց Ք․ա․ 743 թ․ կասեցնել Սիրիայի տարածքում Սարդուրի 2-րդի առաջխաղացումը դեպի հարավ։ Դրանով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջ ընկնելուց։ Իսկ 8 տարի անց՝ Ք․ա․ 735թ․ Ասորեստանի արքան արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա-Վան։ Թեպետ նա մայրաքաղաքը գրավել չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը՝ Վանի տերության հետ դառնալով Առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։

Ասորեստանի դիրքերն ամրապնդեց նաև Սարգոն 2-րդը։ Նա հաջողությամբ օգտագործեց կիմերների ռազմաշունչ ցեղերի ասպատակությունները, որոնք Վանի տերություն էին ներխուժել հյուսիսից։ Հայտվելով երկու ճակատով հարձակվող թշնամիների միջև՝ Ք․ա․ 714թ․ Վանի տերության արքա Ռուսա առաջինն անհաջողություններ ունեցավ։ Սարգոն 2-րդն այդ տարի հարձակվեց Արդինի- Մուսասիրի գլխավոր տաճարի վրա և կողոպտեց այն։ Նա տաճարից առգրավվեց մի քանի տոննա կշռող ոսկյա և արծաթյա արձաններ, հսկայական քանակությամբ զենք ու զինամթերք։

Վանի թագավորությունը Ռուսա 2-ի օրոք։ Վանի թագավորությունը շարունակեց մնալ Առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը նաև Ռուսա 1-ի հաջորդների՝ Արգիշթի 2-ի և Ռուսա 2-ի օրոք՝ մինչև Ք․ա․ 7-րդ դարի կեսերը։ Հատկապես նշանավոր էին Ռուսա 2-ի գահակալության տարիները՝ Ք․ա․ 685-645։ Նա հաջողություններ արձանագրեց հատկապես դեպի արևմուտք կատարած արշավանքների ժամանակ։

Ռուսա 2-ը բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատեց կիմերների հետ և նպաստեց նրանց՝ Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Իսկ Փոքր Ասիայի տարածքից Ռուսա 2-ը կարողացավ կիմերներին ուղղել Ասորեստանի դեմ։ Փաստորեն դիվանագետ արքան ոչ միայն կարողացավ կանխարգելել կիմերների հնարավոր հարձակումներն իր երկրի վրա, այլև նրանց դարձրեց իրեն դաշնակից, ապա ուղղեց իր թշնամի Ասորեստանի դեմ։

Ռուսա 2-ը կատարել է նաև բազմաթիվ շինարարական աշխատանքներ։ Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ասորեստանի ո՞ր արքաներին հաջողվեց վերականգնել իրենց տերության դիրքերն Առաջավոր Ասիայում։
2․ Սարգոն 2-ը երբ է կողոպտել Արդինի-Մուսասիր տաճարը։
3․ Հատկապես ո՞ր կողմ էր ուղղված Ռուսա 2-ի նվաճողական քաղաքականությունը։
4․ Ո՞վքեր էին կիմերները։ Ի՞նչ քաղաքականություն իրականացրեց Ռուսա 2-ը կիմերների նկատմամբ։
5․ Ի՞նչ գիտեք Թեյշեբաինի քաղաքի մասին։

Leave a comment