Իրանական գրականություն

Օմար Խայամ․ քառյակներ

images

Գինուս կուժը դու կոտրեցիր, Աստված իմ,
Բախտիս դուռը դու փակեցիր, Աստված իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր Աստված իմ,
Ես եմ խմում` դու հարբեցիր, Աստված իմ:

***

Ես չգիտեմ` նա, ով տվեց ինձ շունչ – հոգի.
Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի.
Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխիկ տվեք.–
Ձեր ապառիկ Դրախտը ձեզ լինի, հոգի:

***
Ով, օրենսգետ, մենք քեզանից ջանասեր ենք այս աշխարհում,
Թեև` հարբած, սակայն սթափ խելքի տեր ենք այս աշխարհում,
Մենք` խաղողի արյունը ալ- մարդկանց արյունն ես դու խմում,-
Խղճով ասա, մե՞նք, թե՞ դու ես արյունախումն այս աշխարհում:

***

Քանի որ իմ աշխարհ գալը իմ կամքով չէր այս աշխարհում.
Եվ անմուրազ հեռանալը – իմ կամքով չէ այս աշխարհում,
Վեր կաց, գոտիդ ամրացրու և գինի բեր ինձ, մատռվակ,
Որ աշխարհի ցավը խեղդեմ այս գինով լի կուժ – կուլայում…

***
Նորուզի սյուքը` ալ վարդին լավ է,
Սիրահար զույգը` թարմ մարգին լավ է.
Հերիք դարդ անես անցածի մասին –
Այսօրվա օրն է ամենից լավը:

***
Թե ձեռքըս հասներ անիվին բախտի,
Ցած կնետեի նրան իմ թախտից,
Եվ կստեղծեի ուրիշ մի անիվ,
Որ մարդ տեր դառնար իր ուզած բախտին:

***
Դրախտն – ասին, – «հուրիներով է անուշ».
Ես ասի. «լոկ խաղողի հյութն է անուշ».
Առ Կանխիկն ու Ապառիկից ձեռ քաշիր. –
Հեռվից է լոկ դհոլի ձայնը անուշ…

***
Մենք կանք – չկանք` աշխարհը կա ու կմնա,
Եվ մեզանից հետք ու անուն էլ չի մնա,
Երբ չկայինք` աշխարհը բան չէր կորցրել,
Երբ չլինենք` նա էլի նույնը կմնա:

***
Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,
Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,
Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,
Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա:

***
Ամեն վատ – լավ, որ մարդու էությունից է գալիս,
Ամեն խինդ – ցավ, որ մարդու բնությունից է գալիս,
Բախտի վրա մի բարդիր – քանզի անիվը բախտի,
Քեզնից հազար անգամ խեղճ ու անճար է ավելի:

***
Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
Չթողնես – առանց խնդության անցնի…
Կյանքի իմաստը` հենց ինքն է, որ կա, –
Ինչպես որ ապրես` այնպես էլ կանցնի:

***

Դժբախտ իմ հոգի՛,
ճակատագրով վերուստ սահմանվա՛ծ,
Քեզ այս երկնի տակ
ամեն օր ցա՛վ ու տանջա՛նք է տրված:
Կյանքը ծիծաղում, չարախնդում է վրադ շարունակ,
Ու վիշտն աշխարհում
հենց քե՛զ համար է միայն ստեղծված:

***
«Պիտի ապրե՛լ,- ասում են մեզ գրո՛վ,
խոսքո՛վ սուրբ Ղուրանի,-
Ինչպես ապրեք, էդպիսի՛ն էլ հաջորդ
ձեր կյանքը կլինի»:
Ու անբաժան եմ ես գինո՛ւց,
ամենուրեք՝ սիրունի՛ս հետ,
Որ էսպե՛ս էլ զարթնեմ,
երբ գա օրը Ահեղ դատաստանի:

***
Պե՛տք է ապրել դեռ մեկուսի՛, մենավո՛ր,
Որ չքննեմ ձեր լավն ու վատն ամեն օր,
Որ նախ ինձնի՛ց, իմ հոգո՛ւց բան հասկանամ,
Հետո միայն դառնամ մարդկանց դատավոր:

***
Ամենամեծ նվաճումը պատմության մեջ մարդկության
Ո՛չ հաղթանակն է բախտի դեմ,
ո՛չ էլ անգամ՝ հենց մահվա՛ն:
Երկնային այն դատավորը ձեզ միավոր է տալիս
Լոկ այնժա՛մ, երբ ինքներդ ձե՛ր
դեմ եք հասնում հաղթության:

***
Չե՞ն տեսնում լավ գործերը քո-մոռացի՛ր:
Անդարձ թռչու՞մ են օրերը-մոռացի՛ր:
Լինո՛ւմ է, երբ քամին կյանքի մատյանում
Ո՛չ այն էջից է փչում-մի՛ մոռացիր:

***
Գուցե երկինքը մեր հանդեպ հետո անչար կլինի,
Ճակատագիրն էլ ո՛չ դաժա՛ն, ո՛չ անտարբե՛ր կլինի…
Բայց հարություն չեն առնի էլ
ընկերներն իմ թանկագին,
Կյանքը անցա՛վ, նրա ընթացքն էլ ետ շրջող չի՛ լինի:

***
Նա, ով աշխարհն այս նվիրել է լոկ երջանիկներին,
Սիրում է պատժել, իրար ետևից զարկել մյուսների՛ն:
Դու մի՛ վշտանա, որ ուրիշներից քի՛չ ես ծիծաղել,
Գոհ եղիր, որ քեզ քի՛չ են հարվածել,
քան ուրիշներին:

***
Մեր օրերում դու ընկերներ քիչ ունեցիր ինձ նման,
Շողոմ ստեր քիչ ականջիր,
շատ մի՛ ձգտիր ճանաչման:
Եթե խելքո՛վ շուրջդ նայես, կնկատես դու իսկույն,
Որ ում վրա հույս ես դրել, դավաճան է իսկական:

***
Արհամարհում եմ աղոթավոր այս երեսպաշտներին,
Կեղծավորների՛ն այս փայլուն,
ընտիր ավանակների՛ն:
Բարեպաշտության քողի տակ նրանք
հավատ են ծախում՝
Իրենց գործի մեջ գերազանցելով անհավատներին:

***
Ամեն ինչ գնվո՛ւմ է, ամեն բան վաճառվո՛ւմ,
Իսկ կյանքը մեզ վրա՝ բացահայտ ծիծաղում:
Մենք, ճիշտ է, զայրանում, վրդովվում ենք հաճախ,
Բայց, միևնույն է, դեռ գնո՛ւմ ենք, վաճառվո՛ւմ:

***
Գահին ես դու՝ հարո՛ւստ, հզո՛ր,
առանց չնչին հոգս ու ցավի,
Իսկ այս խեղճը՝ կարիքի՛ մեջ,
ճիրաններո՛ւմ ցուրտ ու սովի,
Սակայն շուտով այնտե՛ղ՝
մահվան դարպասներից անդին արդեն,
Դու, իհարկե, էլ նրանից ո՛չ մի բանով չես տարբերվի:

***
Թե չստացվեց հեռու մնալ թախծի մռայլ,
մութ ճամփեքից,
Եթե սև է արևը քո՝ անուրախ ու դառը կյանքից,
Իրենց բախտից դու հարցրու ճամփիդ
ելնող տարբեր մարդկանց
Եվ հաստա՛տ կմխիթարվես ձեր
գրեթե նույն վիճակից:

***
Կեղտի միջից մի օր ելար՝ դարձար իշխա՛ն:
Շուտ մտնելով նոր դերի մեջ, հիշի՛ր սակայն,
Որ ինքդ քեզ պատահաբար աչքով չտաս.
«Ո՛չ մի իշխան հավե՛րժ չէ, կե՛ղտն է մշտական»:

***
Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր
գողը նեցո՛ւկ է գողին,
Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է
հաճախ պարտվում հիմարին,
Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա…
Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին:

***
Ահա միակ կրկներգը իմ իմաստության.
«Մի կյանք ունես, ազատությո՛ւն տուր միշտ նրան:
Խելոք բան է ծառն էտելը ժամանակին,
Բայց ինքդ քեզ կնդելն՝ արդյո՛ւնք հիմարության»:

***
Քեզ ընկերներ մի՛ որոնիր անկյուններում դու օտար,
Քեզ տրված բեռը մի՛ կիսիր
դու նրանց հետ հավասար.
Թող որ նրանք փորձեն իրե՛նց
բաժին հոգսերը հոգալ,
Մենա՛կ մնա. քո ցավերին ի՛նքդ գտիր դեղ ու ճար:

***
Տիեզերքն համայն մտովի տեսա ու շոշափեցի,
Մարդկային հոգու ճախրանքներն
ամեն ես ճանաչեցի,
Եվ, այնուհանդերձ, հայտարարում եմ
առանց կասկածի.
Այլ երանություն չգիտե՛մ՝ գինու վայելքից բացի:

***
Այն, ինչ Տերը սահմանել է ու մեզ տվել արդեն մի օր,
Չենք կարող ո՛չ պակասեցնել,
ո՛չ հավելել ինչ-որ բանով:
Դե ուրեմն, տեղի՛ն ծախսենք ինչ որ ունենք, բարեկամներ,
Առանց այլոց նախանձելու,
ո՛չ մեկից պարտք չխնդրելով:

***
Ի՞նչ է մարմինը քո, Խայա՛մ:
Ինչ-որ վրա՛ն, որտեղ հոգին՝
Թափառումի ելած մի խան, իջևանել է կեսճամփին:
Վաղը ճամփա կընկնի նորից, կշարունակի նա ուղին,
Իսկ մահն իսկույն իր ավա՛րը կհամարի վրանը հին:

***
Չէ՛, մահկանացուն երկնքի հանդեպ
վաղուց է պարտվել,
Հերթով կլլում է, խժռում բոլորիս հողը մարդակեր:
Դեռ կա՞ս, ապրու՞մ ես,
գուցե դրանով անգամ պարծենու՞մ,
Բայց, մեկ է, շուտով դու էլ կդառնաս
մրջյուններին կեր:

***
Չեմ վախենում մահից բնավ,
ոչ էլ իմ բախտը անիծում,
Իսկ դրախտի ունայն հույսով երբևէ չեմ մխիթարվում:
Ինձ միայն կարճ մի ժամկետով տրված
հոգին հավերժական
Սահմանված օրը,
ճի՛շտ ժամին ետ կտամ ես՝ հոժարակամ:

***

Գինուս  կուժը դու կոտրեցիր, աստվա՜ծ իմ.
Բախտիս դուռը դու փակեցիր, աստվա՜ծ իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր, աստվավծ իմ.
Ե’ս եմ խմում` դո՞ւ հարբեցիր, աստվա՜ծ իմ:

***

Ես չգիտեմ՝ նա´, ով տվեց ինձ շունչ — հոգի.
Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի.
Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխի´կ տվեք –
Ձեր ապառիկ Դրախտը ձե՜զ լինի, հոգի´:

***

Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես,
Խելքը գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես,
Քանի ականջ, աչք ու լեզու տեղո´ւմ են դեռ,
Էն գլխից կո´ւյր և հա´մր ու խո´ւլ պիտի լինես:

***

Երեկ գիշեր բրուտի մոտ մտա մի ծեր,
Տեսա երկու հազար խոսուն ու լուռ կժեր.
Նույն հա’րցն էին տալիս նրանք. — «Ո՞ւր եք, ասե’ք,
Կուժ սարքողնե’ր, կուժ ծախողնե’ր, կուժ առնողներ’…»:

***

Գինետանը հարցում արի ես մի ծերից.
«Ի´նչ լուր,- ասի,- այս աշխարհից մեկնողներից…»
«Խմի՜ր» – ասաց,- մեզ պես քանի՜սն են գնացել,
Եվ նրանցից դեռ չի՜ դարձել ոչ ոք նորից:

***

Երազիս մեջ մի իմաստուն ասաց ինձ,
Թե ոչ մի մարդ խեր չի տեսել դեռ քնից.
Իսկ ինչ պիտի անես, երբ քո մահը գա,–
Խմիր, քանի… արթնանում ես դեռ քնից…

***

Օդը մեղմ է, օրը՝ պայծառ ու մաքուր,

Վարդի դեմքից ցողը փոշին է մաքրում,

Դեղին վարդին թեքված սոխակը գինով

Շշնջում է, «ճիշտը հարբելն է կյանքում…» ։

***

Քանի որ իմ աշխարհ գալը իմ կամքով չէր այս աշխարհում.

Եվ անմուրազ հեռանալը-իմ կամքով չէ այս աշխարհում,

Վեր կաց, գոտիդ ամրացրու և գինի բեր ինձ, մատռվակ,

Որ աշխարհի ցավը խեղդեմ այս գինով լի կուժ-կուլայում…

***

Գարնանը, երբ մանուշակի թուփն է ծաղկում,

Վարդի թփին զեփյուռը չանգ է նվագում.

Նա է սթափն, ով կնոջ հետ արծաթամորթ

Խմում է ու գինու գավը՝ քարին զարկում։

***

Մեզանից ո՞վ մեղք չի գործել այս աշխարհում, ասա,

Թե չի գործել, ո՞նց է ապրել այս աշխարհում, ասա,

Եթե դու իմ վատին վատով պատասխանես, Աստված,

Ինչումն է մեր միջև եղած տարբերությունն, ասա։

***

Առ այս գավր՝ Նոռուզի կակաչի պես արնագույն,

Կակաչադեմ կույսի հետ խնջույք արա ողջ կյանքում.

Խմիր, հարբիր, քանի դեռ երկնակամարը կապույտ

Քո աճյունը չի խառնել այս հողի հետ արնագայն։

***

Գոռոզությունը անցնում է գինուց,

Կնճռոտ հարցերը լուծվում են գինուց,

Սատանան, մի կում թե գինի խմեր՝

Խոնարհում կաներ մարդ-ասածուն հնուց։

***

Հավատից մինչև անհավատության-չնչին մի պահ է,

Կասկածից մինչև հավաստիություն-չնչին մի պահ է.

Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր–

Քանի որ կյանքի իմաստը միակ– հենց այդ մի պահն է։

***

Խայամ, հարբած ես թե անուշ գինուց,– երջանիկ եղի՛ր,

Եթե հարբած ես սիրունի սիրուց– երջանիկ եղիր,

Ամեն բանի վերջն անէությունն է այս փուչ աշխարհում,

Կարծիր, թե… չկաս, բայց քանի որ կաս՝ երջանիկ եղիր։

***

«Դրախտն, ֊  ասին,– հուրիներով է անուշ՛».

Ես ասի. «Լոկ խաղողի հյութն է անուշ».

Առ Կանխիկն ու Ապառիկից ձեռ քաշիր–

Հեռվից է լոկ դհոլի ձայնը անուշ…

***

Ինչքան ընկեր քիչ ունենաս, այնքան լավ,

Ինչքան մարդկանց քիչ մոտենաս– այնքան լավ,

Ում այս կյանքում քո բարեկամն ես կարծում,

Նա է քո դեմ, կույր մի լինի, նյութում դավ։

***

Այս կուժն՝ ինձ պես սիրով տարված է եղել,

Սիրունի սև ծամին գերված է եղել,

Կժի վզին փարված այս կանթը սիրուն,

Ձեռք է, որ իր յարին փարված է եղել…

***

Երեխա էինք՝ հասուն այր դարձանք,

Բայց դրանից էլ մի խեր չտեսանք.

Կուզե՞ս իմանալ՝ թե վերջն ո՞ւր հասանք՝

Ջրի պես եկանք,– քամու պես անցանք։

***

Քանի որ հիմա շահ չկա խելքից,

Եվ անխելքն է լոկ օգտվում կյանքից,

Գինի լից, թող իմ խելք-միտքը տանի–

Գուցե քաղցրանա աչքը Ֆալաքի։

***

Ես մեծ գավերով գինին կխմեմ,

Երկու գավ ավել ինձ կնվիրեմ,

Նախ… ապահարզան կտամ իմ խելքին,

Իսկ հետո գինուն կնության կառնեմ…

***

Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,

Չթողնես– առանց խնդության անցնի…

Կյանքի իմաստը՜ հենց ինքն է, որ կա,–

Ինչպես որ ապրես՝ այնպես էլ կանցնի:

***

Այն փոշին, որ տրորում ես քո ոտքի տակ,

Եղել է մի արևադեմ, լույս Աբույակ,

Զգույշ սրբիր թևքով փոշին քո երեսից,

Ո՞վ գիտե, նա ո՞ր նազելու դեմքն է ճերմակ…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s