Հոդվածներ, Թարգմանություններ

«Սպիտակ հեղափոխություն»

Մոհամեդ Ռեզա Փահլավին՝ 35-րդ եւ վերջին շահը, գահին նստեց, երբ ընդամենը 22 տարեկան էր: Նա միապետ դարձավ, երբ ընթանում էր Երկրորդ աշխարհամարտը: Երիտասարդ Մոհամեդ Ռեզա Փահլավիի ուսերին միանգամից ծանր բեռ ընկավ:

Հատուկ ընդգծենք, որ նա միապետ դարձավ, երբ երկրը կանխարգելիչ բռնազավթման ենթարկվեց Խորհրդային Միության եւ Մեծ Բրիտանիայի կողմից, որից հետո նրա հայրը` Ռեզա Փահլավին, աքսորվեց Հարավային Աֆրիկա: Շահնշահ հռչակվելով՝ նա ճիշտ գնահատեց իրավիճակը եւ հանդես բերելով հմուտ դիվանագետի հատկանիշներ, երկրի կառավարության հետ մեկտեղ ցանկություն հայտնեց համագործակցել Լոնդոնի եւ Մոսկվայի հետ:

Բանն այն է, որ շահի գահին հայտնվելով` երիտասարդ Մոհամադ Ռեզա Փահլավին գրեթե չէր միջամտում երկրի կառավարման գործերին: Նրան դեռ լուրջ չէին վերաբերվում: Իրանի կառավարությունը ենթարկվում էր մեջլիսին՝ խորհրդարանին:

Այսուհանդերձ, երիտասարդ շահն այնքան խոհեմ եւ շրջահայաց գտնվեց, որ աստիճանաբար ստիպեց հաշվի նստեն իր հետ, թեեւ սկզբում դրան հասնելը չափազանց դժվար էր: Երկիրը փաստացի օկուպացված էր խորհրդային եւ բրիտանական զորքերի կողմից, որոնք այդ քայլին էին դիմել, մտավախություն ունենալով, որ թույլ զարգացած եւ թույլ բանակ ունեցող Իրանը չի կարող դիմակայել ֆաշիստական Գերմանիային:

Ժամանակակից պատմագրությունը կամ պատմաբանների գերակշիռ մասը հակված են այն կարծիքին, որ այն ժամանակ Մոսկվան եւ Լոնդոնը գերագնահատել էին Իրանի վրա Գերմանիայի ունեցած ազդեցությունը: Այսուհանդերձ, եթե նույնիսկ Գերմանիան իր ազդեցությունը չէր կարող ունենալ Թեհրանի վրա, այսուհանդերձ կփորձեր Իրանի տարածքն օգտագործել որպես միջանցիկ տարածք եւ գոնե ժամանակավոր ռազմական հենակայան: Մոհամեդ Ռեզա Փահլավիի հայրը՝ Ռեզա շահը, Իրանը հայտարարել էր չեզոք պետություն, ինչը չէր բխում ոչ Գերմանիայի, ոչ էլ Մեծ Բրիտանիայի եւ հատկապես Խորհրդային Միության շահերից:

Իր հերթին Ռեզա շահի համար չեզոքությունը լավ հնարավորություն էր կողքից դիտել ընթացող Համաշխարհային պատերազմը եւ հասկանալ, թե ով է հաղթանակ տանելու, որ ճիշտ պահին դաշինք կնքի հաղթողների հետ: Լոնդոնը եւ Մոսկվան խանգարեցին շահի ծրագրերի իրականացմանը:

Ահա նման բարդ եւ ծանր պայմաններում Մոհամեդ Ռեզա Փահլավին դարձավ միապետ՝ այն էլ երիտասարդ հասակում: Պատերազմի տարիներին նա աշխատում էր շատ նկատելի չլիներ, ավելին, նրան ոչ Մեծ Բրիտանիան, ոչ էլ Խորհրդային Միությունը թույլ չէին տալիս, որ նա նկատելի եւ ինքնուրույն ֆիգուր լինի: Բայցեւայնպես, նույնիսկ այս վիճակում շահը ամեն ինչ անում էր իր երկրի շահերը պաշտպանելու համար: Ստալինը, Չերչիլը եւ Ռուզվելտը՝ ԽՍՀՄ, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ ղեկավարները երիտասարդ առաջնորդին լուրջ չէին վերաբերում:

Այս պայմաններում Մոհամեդ Ռեզա Փահլավին կարողացավ իրենց տեղը դնել անջատողականներին եւ նրանց հասկացնել, որ թույլ չի տա այդ տարածքները կցել Խորհրդային Միությանը: Իսկ երբ խորհրդային զորքերը 1946թ. հեռացան Իրանից, անջատողականների դիրքերը վերջնականապես թուլացան: Շահին աստիճանաբար սկսեցին ավելի լուրջ վերաբերվել:

Իրանում իր ազդեցությունը ցանկանում էր մեծացնել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները: 1950թ. սեպտեմբերին Իրանում գործազուրկների թիվը հասավ 500 հազարի: 1950թ. մայիսին Ռազմարոն ազգային ռադիոյով հայտարարեց, որ երկրի տնտեսական վիճակը գնալով վատանում է, իսկ աղքատությունը նոր սահմաններ է նվաճում:

Մոհամեդ Ռեզա Փահլավի շահը, լինելով խելացի մարդ, հասկացավ, որ եկել է բարեփոխումների ժամանակը:

Իրանցիների աչքերում շահը դարձավ պատասխանատու ամեն ինչում: Մոհամեդ Ռեզա շահը արագ կողմնորոշվեց: Նա ռազմավարական դաշինք կնքեց գերտերություն դարձած ԱՄՆ-ի հետ:  Շահը ձեռնամուխ եղավ բանակի եւ հատուկ ծառայությունների ամրացմանը եւ նորացմանը: Ամրացնելով իր դիրքերը՝ նա իր շուրջը համախմբեց արեւմտյան կրթություն ստացած տնտեսագետների եւ սկսեց նախապատրաստվել արմատական բարեփոխումներին, որոնց անհրաժեշտությունն արդեն հասունացել էր:

«Սպիտակ հեղափոխությունը» կենսական անհրաժեշտություն էր Իրանի համար եւ ի պատիվ շահի պետք է ասել, որ նա այն սկսելու համար ընտրեց ամենաճիշտ պահը: Այս հարցում Իրանին եւ մասնավորապես շահին զգալի աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ը: Մասնավորապես, ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջոն Քենեդին վստահ էր, որ իր երկրի օգնությունը դաշնակիցներին նպատակին չի ծառայի առանց ներքին վերափոխումների: Շահը եւս հասկանում եւ ընդունում էր, որ եկել է վերափոխումների ժամանակը, առանց որի անհնար կլինի տնտեսության զարգացումը: Այն տնտեսության, որն իր գահակալության օրոք հասցրել էր տակնուվրա անել պոպուլիստ վարչապետ Մոսադեղը:

Հարկ է նշել, որ «Սպիտակ հեղափոխությունը» սկսելուց առաջ Մոհամեդ Ռեզա Փահլավին ստիպված էր ցրել մեջլիսը՝ խորհրդարանը, քանի որ իշխող դասակարգի ներկայացուցիչների գերակշիռ մասը կտրականապես դեմ էին բարեփոխումներին: Նրանք ամեն կերպ ցանկանում էին պահպանել կիսաճորտատիրական հողագործությունը: Շահը երկար չտատանվեց: Նա ցրեց խորհրդարանը եւ սկսեց բարեփոխումները իրականացնել հատուկ դեկրետներով:

Շահը հենվեց բանակի եւ իր դաշնակից ԱՄՆ-ի վրա եւ առանց վարանելու ձեռնամուխ եղավ արմատական փոփոխությունների իրականացմանը, որի սկզբնական եւ հիմնական նպատակը ժողովրդի ցասումը մեղմելն էր եւ նրանց կենսամակարդակը բարձրացնելը:

Շահը գիտակցում էր, որ հանդիպելու է ոչ միայն իշխող դասակարգի դիմադրությանը, այլ նաեւ հոգեւորականների ուժեղ հակազդեցությանը: Հեղափոխությունը սկսելու նախօրեին միայն 5 հազար 400 մզկիթ կար, որտեղ իրենց գործունեությունն էին իրականացնում մոտ 15 հազար հոգեւորական: Նրանք դեմ էին վերափոխումներին: հատկապես դեմ էին արտահայտվում կրթության բնագավառում իրականացվող քայլերին: Վախենալով կորցնել իրենց ազդեցությունը զանգվածների վրա՝ նրանք շահին հորդորում էին, իսկ ավելի ճիշտ շահից պահանջում էին բարեփոխումներ չիրականացնել ոչ կրթական, ոչ էլ դատաիրավական համակարգում:

Իսլամ հոգեւորականները հայտարարում էին, թե շահը մտադիր է ոտնտակ տալ իսլամական արժեքները, հուսալով իրենց կողմը ավելի շատ մարդ գրավել: Հոգեւորականները, հատկապես նրանց առաջնորդները հասկանում էին, որ հեղափոխության հաջող իրականացման դեպքում Իրանը կվերածվի զարգացած եւ աշխարհիկ երկրի, որտեղ իրենց դիրքերը զգալի կթուլանան: Նրանք անհանգստացած էին ոչ այնքան իսլամական արժեքներով, այլ իրենց իշխանության եւ եկամուտների կորստով:

Իսլամ հոգեւորականներին հատկապես մտահոգում էր, որ շահը մտադիր է ագրարային բարեփոխումների շրջանակներում մզկիթներից խլել հողային կալվածքները, որոնք այն ժամանակ հսկայական էին: Այս բարդ իրավիճակում շահը բավականաչափ կամք դրսեւորեց եւ հաշվի չառնելով իշխող դասակարգի մեծամասնության եւ հոգեւորականների շահերը՝ սկսեց երկիրը ճգնաժամից դուրս բերելու քայլեր իրականացնել: Շահը չէր թաքցնում, որ «Սպիտակ հեղափոխության» նպատակը Իրանը ժամանակակից եւ բարգավաճ երկիր դարձնելն է: Նա երազում էր Իրանը վերածել, այսպես կոչված, մերձավորարեւելյան Ճապոնիայի:

Վերջապես 1963 թվականին Մոհամեդ Ռեզա Փահլավին հանդիսավոր պայմաններում հայտարարեց «Սպիտակ հեղափոխության» մեկնարկի մասին: Նա շեշտում էր, որ սա շահի եւ ժողովրդի հեղափոխությունն է: Շահը ընդգծում էր, որ կրթական համակարգի, զանգվածային ինդուստրիալացման, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ  եւ հողային բարեփոխումների արդյունքում մարդկանց կյանքը կբարելավվի եւ նոր որակի կհասնի:

Բնականաբար, շահը չէր կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ հեղափոխությունը դեռ չսկսած այն հակառակորդներ ունի, այն էլ բավական զորեղ եւ ազդեցիկ, բայց միեւնույն ժամանակ գիտակցում էր, որ եթե ուշացնի բարեփոխումները, ապա երկիրը կհայտնվի էլ ավելի ծանր վիճակում եւ ժողովրդական հուզումների առաջն առնելն այլեւս անհնար կդառնա:

Նա վստահ էր, որ բանակի, արեւմտյան կրթություն ունեցող տնտեսագետների եւ ԱՄՆ-ի աջակցությամբ կկարողանա կիսաճորտատիրական Իրանը վերածել ժամանակակից տերության: Նա պոպուլիստ չէր, այլ իրատես գործիչ, որն առանց մանրակրկիտ հաշվարկի նման համարձակ քայլի չէր դիմի:

Ցրելով խորհրդարանը՝ նա բոլորին հասկացրեց, որ լրջորեն է տրամադրված եւ բավական խիստ միջոցներ կկիրառի նրանց դեմ, ովքեր կփորձեն խոչընդոտել բարեփոխումների իրականացմանը:

Գահ բարձրանալուց 22 եւ Երկրորդ աշխարհամարտի ավարտից 18 տարի անց նա սկսեց իր կյանքի ամենակարեւոր գործը՝ շահի եւ ժողովրդի հեղափոխությունը, որն ստացավ «Սպիտակ հեղափոխություն» անվանումը:

20-րդ դարի 50-ականների վերջերին եւ 60-ականների ամենասկզբում, իրանյան ազգայնականության վերելքի շրջանում, հենվելով բանակի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի աջակցության վրա, շահը վերածվում է իշխանության բացարձակ կենտրոնի:

Հասկանալով, որ հենց այս իրավիճակում պետք է ձեռնամուխ լինել արմատական փոփոխությունների, շահը սկսում է «Սպիտակ հեղափոխությունը»՝ շահի եւ ժողովրդի հեղափոխությունը:

Արմատական բարեփոխումներ սկսելու համար Իրանում ստեղծվել էր համեմատաբար բարենպաստ իրավիճակ, քանի որ Մոհամեդ Ռեզա Փահլավի շահին հաջողվել էր ազատվել կալվածատերերի եւ ցեղապետերի վերահսկողության տակ գտնվող խորհրդարանից: Բացի այդ, այս հարցում նա հսկայական աջակցություն էր ստանում ԱՄՆ-ից:

Շահը, սկսելով բարեփոխումները, ոչ թե ցանկանում էր կարճաժամկետ լուծումներով հանգստացնել եւ հանդարտացնել հանրությանը, այլ երկրաժամկետ կտրվածքով փոխել երկիրը:

Փորձագետների եւ պատմաբանների գերակշիռ մեծամասնությունը համոզված է, որ «Սպիտակ հեղափոխության» հիմնական բաղադրիչը ագրարային ռեֆորմն էր: Այն իրենից ներկայացնում էր վարչապետ Ամինիի ծրագրի բարեփոխված տարբերակը: Ամինին խնդիր էր դրել ստեղծել փոքր հողատարածք ունեցող գյուղացիների խավ: Կալվածատերերը, ըստ նոր օրենքի, ստիպված էին վաճառել մեկ գյուղից ավելի ընդգրկող հողատարածքները: Իսկ հողատարածքները խորհրդանշական գումարով գնեցին անհող գյուղացիները, որոնք նախկինում կիսաճորտի կարգավիճակով աշխատել են այնտեղ: Այս քայլերի արդյունքում իրենց դիրքերն ամրացրին միջին գյուղացիները (բարեփոխման առաջին տարիներին գյուղացիների մոտ տասը տոկոսը դարձան սեփականատերեր): Նույն բարեփոխման արդյունքում հոգեւորականներից խլվեցին հսկայական հողատարածքներ:

Ինչ վերաբերում է հողատարածք ձեռք բերած գյուղացիական ընտանիքներին, ապա Իրանի պաշտոնական վիճակագրության համաձայն, Իրանի 3.6 մլն գյուղական ընտանիքներից 1974թ. սկզբներին սեփական հողատարածք ունեին 2.5 միլիոնը:

Շահը նաեւ ստեղծեց «լուսավորության եւ առողջապահության» կորպուսներ, որոնց համար օրինակ ծառայեց ամերիկյան «խաղաղության կորպուսը»: Բավական մեծ թվով երիտասարդներ բանակում ծառայելու փոխարեն նախընտրեցին մեկնել գյուղ՝ նպաստելով մեծ եւ փոքր գյուղական բնակավայրերում լուսավորության եւ առողջապահական համակարգի զարգացմանը: Իհարկե, շատ երիտասարդներ չունեին համապատասխան կրթություն եւ բավարար որակավորում, բայց աստիճանաբար այս խնդիրը սկսեց կարգավորվել:

«Սպիտակ հեղափոխության» ամենանշանակալից ձեռքբերումներից է նաեւ կանանց ընտրելու եւ ընտրվելու իրավունք տալը: Շահի այս որոշումը առաջացրեց հոգեւորականության դժգոհությունը, որոնք փորձեցին հակամիապետական ելույթներ նախապատրաստել, բայց տապալվեցին, քանի որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը աջակցում էր շահի սկսած խաղաղ հեղափոխությունը: Պատահական չէ, որ 1963թ. տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ մասնակիցների 99.93 տոկոսը հավանության արժանացրին Մոհամեդ Ռեզա Փահլավիի բարեփոխումների ծրագիրը, չնայած ձախերը, հոգեւորականները եւ կալվածատերերն ամեն ինչ արեցին այն տապալելու համար:

Բարեփոխումների կարեւոր բաղադրիչներից մեկը պետական ֆաբրիկաների մասնավորեցումն էր: Այս քայլի արդյունքում արդյունաբերություն ի հայտ եկան բավական հարուստ ձեռնարկատերեր:

Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ «Սպիտակ հեղափոխությունը»՝

  • բարելավեց գյուղացիների կյանքի որակը,
  • ամրապնդվեց գյուղացիների եւ կառավարության միջեւ առկա կապը,
  • Իրանում առաջացավ միջին խավ, որը նախկինում գոյություն չուներ,
  • հանրությունում առկա դժգոհությունը հանդարտվեց եւ մարեց:

Հարկ է ընդգծել, որ 60-ականները եւ 70-ականների սկիզբը բեկումնային դարձան Իրանի պատմության մեջ եւ նշանակալից է այն փաստով, որ վերջապես ֆեոդալիզմից անցում կատարվեց կապիտալիզմին: Ուսումնասիրվող ժամանակահատվածի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կապիտալիստական հարաբերությունները սկսեցին զարգանալ խորությամբ եւ ինտենսիվ կերպով:  Կապիտալիստական հարաբերությունները զարգացան ոչ միայն քաղաքում, այլ նաեւ գյուղում՝ ընդգրկելով արդյունաբերության նորանոր ճյուղեր:

«Սպիտակ հեղափոխության» երկրորդ փուլը կամ տապալումը

1960-ականների վերջերին եւ 70-ականների սկզբներին շահը իրականացրեց «Սպիտակ հեղափոխության» երկրորդ փուլը: Շահը նպատակ դրեց մոդերնիզացնել կյանքի բոլոր ոլորտները, ընդ որում՝ հավասարաչափ:

1973թ. Արաբա-իսրայելյան հերթական պատերազմի հետեւանքով նավթի գները բարձրացան: Այն Իրանին հնարավորություն տվեց զարգանալ ավելի արագ, քան ենթադրում էր շահը, եւ ծրագրել էր կառավարությունը: Նավթից ստացվող շահույթը աճեց մոտ հինգ անգամ:

Շահը չէր թաքցնում, որ ցանկանում է Իրանը վերածել զարգացած եւ հզոր երկրի: Շեշտը դրվեց արդյունաբերության զարգացման վրա: Ներմուծվեց շինարարական սարքավորումներ եւ սպառողական ապրանքներ: Այսուհանդերձ, առկա ենթակառուցվածքները չդիմացան նման մեծ հոսքին:

Կառավարական շրջանակներում նախապատվությունը տալիս էին խոշոր տնտեսական ծրագրերի իրականացմանը: Կառուցվեցին ավտոմեքենաշինական եւ տրակտորաշինական գործարաններ:

Կառավարությունն աչքաթող արեց փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնք չստանալով բավարար վարկավորում, թուլացան եւ զիջեցին իրենց դիրքերը:

Այսուհանդերձ, առաջընթացն ակնհայտ էր: Հատկապես անճանաչելիորեն փոխվել էր իրանյան գյուղը: Այստեղ արդեն իշխում էր ապրանքա-փողային հարաբերությունները: Կառավարությունը 60-ականների վերջերին խրախուսեց փոքր հողատարածքների միավորումը եւ ֆերմերային ընկերությունների ստեղծումը, որոնց միացավ նաեւ օտարերկրացիների ձեռքում գտնվող ագրոբիզնեսը: Ստեղծվում էին նաեւ կոոպերատիվներ: Արդյունքում գյուղատնտեսությունը կտրուկ զարգացավ: Այսուհանդերձ, գյուղը չէր կարողանում բավարարել իրանցիների բոլոր պահանջները, քանի որ բնակչության աճը հասել էր ռեկորդային մակարդակի:

Լուրջ խնդիր էր նաեւ այն, որ գյուղատնտեսությունը եւ արդյունաբերությունն առանձին-առանձին էին զարգանում եւ փոխկապակցված չէին:  Արդյունաբերությունը ավելի արագ էր զարգանում, քան գյուղատնտեսությունը, ինչի արդյունքում հարստությունը եւ բնակչությունը կուտակվում էր քաղաքներում:

«Սպիտակ հեղափոխությունը» Իրանին հասցրեց այն մակարդակի, որ արդեն այս երկիրը վարկավորում էր այլ երկրների, նույնիսկ որոշ արեւմտաեվրոպական պետությունների:

Նավթից Իրանի եկամուտների կտրուկ աճը (1972թ. 2.4 մլրդ դոլար, 1973թ. ավելի քան 5 մլրդ դոլար, 1974թ. 20 մլրդ դոլար) կարեւորագույն գործոն դարձավ, որը լուրջ ազդեցություն ունեցավ ներքին՝ սոցիալ-տնտեսական քաղաքականության եւ արտաքին քաղաքականությունների վրա: Եւ քանի որ իրանյան տնտեսության ենթակառուցվածքներն ունակ չէին կլանել այսքան մեծ միջոցներ, ուստի Իրանի կառավարությունը եկամուտների մի մասն ուղղեց այլ երկրների տնտեսություններում ներդրումներ անելու վրա:

Նոր օբյեկտների կառուցման համար ակտիվորեն ներգրավվում էին օտարերկրյա ընկերությունները՝ համատեղ ձեռնարկությունների տեսքով, որտեղ իրանյան կապիտալին բաժին էր հասնում 75 տոկոսը: Օտարերկրյա կապիտալը ներգրավվում էր ոչ ծրագրերի ֆինանսավորման, այլ նորագույն սարքավորումներ ձեռք բերելու համար: Այսպես թե այնպես, 1961թ. համեմատ 1975թ. օտարերկրյա ներդրումներն աճել էին ավելի քան քսան անգամ:

1975թ. շահը հիմնադրում է  «Ռասթոխիզ» (Վերածնունդ) կուսակցությունը, որը դառնում է Իրանի միակ քաղաքական կազմակերպությունը: Շահի կուսակցությունն անհաջողության մատնվեց, փորձելով վերածվել շահի եւ հասարակության միջեւ կապող օղակի: Հիմնական պատճառներից մեկն այն էր, որ շահը արգելել էր ներկուսակցական քննարկումներ իրականացնել, իսկ կուսակցության ղեկավարները բյուրոկրատների նեղ շրջանակ էր, որը հասարակության լայն խավերի հետ որեւէ կապ չունեին:

Մոհամեդ Ռեզա Փահլավիի մեծագույն սխալներից մեկն էլ այն էր, որ իր իսկ նախաձեռնած հեղափոխության շրջանակներում քաղաքական բարեփոխումներին տեղ չէր հատկացրել: Շահը համոզված էր, որ հասարակությունը երկրի քաղաքական կառավարմանը որեւէ ձեւով չպետք է մասնակից լինի: Իսկ երբ տնտեսությունը զարգանում է առանց քաղաքական բարեփոխումների, ապա տնտեսական բարեփոխումները կամ տապալվում են կամ հանգեցնում են մեկ այլ ճգնաժամի կամ էլ տապալվում են:

«Ռասթոխիզը» դարձել էր ոչ թե կուսակցություն, այլ գործադիր իշխանության կցորդը, ճիշտ այնպես, ինպես ժողովրդավարությունից զուրկ բոլոր երկրներում: Այս կուսակցությունը չկարողացավ եւ չէր էլ կարող դառնալ այն, ինչը ծրագրել էր շահը՝ կապող օղակ իր եւ ժողովրդի միջեւ:

Մեծապետական քաղաքականությունը Իրանի տնտեսությունը արեւմտյանի հետ շաղկապելու հետ մեկտեղ, ինչպես նաեւ շահի նկրտումները հանգեցրին նրան, որ տնտեսությունը սկսեց զարգանալ քաոսային եւ անկանոն կերպով: Այս ամենը ավելի ցայտուն դարձավ 1970-ականների կեսերին, երբ իրանցիների կենսամակարդակը դարձավ մտահոգիչ:

Իսկ երբ 1976թ. ընկան նավթի միջազգային գները, բնականաբար, Իրանի եկամուտները կտրուկ նվազեցին: Գները սկսեցին աճել, ազգային արժույթը սկսեց արժեզրկվել: Տնտեսությունը սկսեց կաղալ, քանի որ բարեփոխումների ընթացքում ենթակառուցվածքային փոփոխություններ չկատարվեցին: Սա եւս բնորոշ է ժողովրդավարությունից հեռու գտնվող բոլոր այն երկրներին, որոնք հարուստ են նավթի եւ գազի պաշարներով:

Հենց այս իրավիճակն էլ պարարտ հող ստեղծեց հողից զրկված կալվածատերերի եւ հոգեւորականների համար, որոնք սկսեցին ժողովրդին տրամադրել շահի դեմ: Նրանք հրահրում էին նաեւ հակաարեւմտամետ տրամադրություններ: Այս ամենը հիմք դարձավ  իսլամական (հակաշահյան) հեղափոխության համար (1978-1979թ.թ.), որով եւ ոչ միայն ավարտվեց «Սպիտակ հեղափոխությունը», այլ շահի կառավարումը եւ վերջ տրվեց միապետությանը:

Աղբյուրներ՝

Иванов М. С., История Ирана, Москва, 1977, стр. 434
Арабаджян А.З., Иран очерки новейшей истории, Москва, 1976, стр. 409
Арабаджян А.З., Иран очерки новейшей истории, Москва, 1976, стр.  451
Агаев С.Л., Иран в прошлом и настоящем, Москва, 1981, стр. 166
Gholam Reza Afkhami. The Life and Times of the Shah. Univ. of California Press, 2009. 740 p. Рецензия – Константин фон Эггерт p. 158
Агаев С.Л., Иран в прошлом и настоящем, Москва, 1981, стр. 172
 http://studopedia.org/8-50808.html
http://oldwww.history.kemsu.ru/PUBLIC/govorov/gov_2-11-7.htm
http://studopedia.org/8-50808.html
http://www.historias.ru/hias-935-1.html

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s