Հոդվածներ, Թարգմանություններ

Արաբերենի ազդեցությունը նոր պարսկերենի վրա

Արաբական փոխառությունների հիմնական զանգվածը, բնականաբար բաժին է հասնում Արաբական խալիֆայության տիրապետության շրջանին (7-9-րդ դարեր): Հենց այդ ժամանակ էլ արաբերենից պարսկերեն թափանցեցին բառեր եւ բառակապակցություններ: Ընդ որում, բավական մեծ թվով: Այսուհանդերձ, պարսկերենն արաբերենից փոխառություններ է արել նաեւ 9-րդ դարից հետո եւ նույնիսկ նորագույն ժամանակաշրջանում: Այս բառերն ու բառակապակցությունները ներդաշնակորեն մուտք են գործել պարսկերեն: Այժմ նրանք ամբողջովին ենթարկվում են պարսկերենի լեզվահնչունաբանական բոլոր կանոններին:

Արաբերեն բառակապակցությունները, բառերն ու  նախադասությունները պարսկերենում ընկալվում են որպես դարձվածքաբանական առանձին միավորներ կամ ամբողջական բառեր: Այսպես, کما کان (նախկինի նման) բառակապակցությունը արաբերենում նշանակում է նման նրան, ինչ որ եղել է:

Արաբերենից փոխառյալ որոշ բառեր արաբերենում հնչում են բոլորովին այլ կերպ, այլ արտահայտչականությամբ, իսկ պարսկերենում վերածվել են որոշիչների: Օրինակ՝ تحدید սահմանափակում, تهدید սպառնալիք, غریب օտար, قریب մոտ: Ճիշտ է, արաբերենի հնչյունաբանական առանձնահատկությունները հազվադեպ ազդեցություն են ունեցել փոխառյալ արաբերեն բառերի արտասանության վրա: Այսուհանդերձ, այդ ազդեցությունը շատ սահմանափակ է: Օրինակ, (‘) պայթական բաղաձայնի արտասանման ժամանակ:

Որոշ արաբերեն բառեր եւ բառակապակցություններ այնքան ամուր են գրավել իրենց տեղը, որ պարսկերեն այլ հոմանիշներ չունեն, օրինակ, کتاب գիրք, رقص պար, ساعت ժամ: Արաբերեն շատ փոխառություններ հիմք են հանդիսանում բառաստեղծման համար: Նրանք կարող են միավորվել պարսկերեն բառերի կամ ածանցների հետ եւ նոր պարզ եւ բարդ բառեր ստեղծել: Օրինակ՝ استعمارگر գաղութարար,  որն առաջացել է արաբերեն استعمار   գաղութացում բառից եւ պարսկական گر ածանցից,  قرائت خانه ընթերցարան, արաբերեն قرائت   ընթերցում եւ պարսկերեն خانه տուն բառից:

Քիչ չեն օրինակները, երբ արաբերեն բառերը պարսկերենում ստանում են բառային այլ նշանակություն եւ բառա-քերականական այլ գործառույթներ: Օրինակ՝ کثیف քասիֆ բառը  արաբերենում նշանակում է խիտ, կոպիտ, իսկ պարսկերենում՝ կեղտոտ: Արաբերեն محصل մոհասել բառը (վերցնող, ստացող) պարսկերենում նշանակում է սովորող, ուսանող:

Արաբական ծագմամբ բառերի գերակշռող մասը բաժանված է գոյականների, ածականների եւ մակբայների միջեւ: Բացի այդ, արաբերենից փոխառվել են մի շարք թվականներ, համադասական շաղկապներ եւ ձայնարկություններ: Իրենց ձեւով արաբերենից վերցված փոխառությունները հիմնականում բայական անուններ են, որոնք արաբերենում անվանվում են մասդարներ, ածական դերբայներ, ածականներ, տեղանուններ, արհեստի անուններ, զենքի անվանումներ:

Արաբական ազդեցությունը պարսկերենի վրա պատահական չէ եւ պայմանավորված չէ միայն արաբների կողմից Իրանի նվաճմամբ: Բանն այն է, որ իրանցիներն օգտագործում են արաբական այբուբենը: Ավելացվել է միայն չորս տառ փե (پ), չէ (چ), ժե (ژ) եւ գաֆ (گ)հնչյուններն արտահայտելու համար:

Արաբական ծագումը իր հետքն է թողել պարսկերեն գրավոր խոսքի վրա: Մասնավորապես, արաբերենից փոխառված եւ պարսկացված բառերը, այսուհանդերձ, գրվում են այնպես, ինչպես արաբերենում: Սա է պատճառը, որ պարսկերենում առկա է չափից ավելի տառ, որոնցից մի քանիսը նույն հնչյունն են արտահայտում: Անհրաժեշտություն է առաջանում հիշել, թե որ բառի դեպքում որ տառը պետք է օգտագործվի:

Ամփոփելով շեշտենք, որ արաբերենը բավական մեծ ազդեցություն է թողել պարսկերենի վրա: Հիմնական փոխառություններն արվել են 7-9-րդ դարում, որոնցից շատերը պահպանվել են նաեւ ժամանակակից պարսկերենում:

Բացառությամբ հազվադեպ դեպքերի, արաբական փոխառություններն ամբողջովին ենթարկվում են պարսկերենի բոլոր օրենքներին: Միաժամանակ արաբերեն փոխառությունները պահպանել են ներքին կառուցվածը: Որոշ դեպքերում արաբերեն փոխառություններում լսվում է արաբերենին բնորոշ աղմկոտ կոկորդային հնչյուններ:

Վերջին տասնամյակներին նկատելի է հնարավորին չափ արաբական փոխառությունները բուն պարսկական բառերով փոխարինելու գործընթացը, որը առանձնապես մեծ հաջողության չի հասնում մի շարք պատճառներով, որոնցից գլխավորը իսլամական մշակույթն է եւ Ղուրանը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s